Թրամփը Կոնգրեսին կոչ է արել հեռացնել նրանց, ո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «Կոնգրեսից հեռացնել» իրեն ընդդիմացող Դեմոկրատական ​​կուսակցության Կոնգրեսի երկու անդամներին, որոնք փորձել են իմպիչմենտի գործընթաց սկսել իր դեմ։

«Դեմոկրատները իսկապես վերահսկողությունից դուրս են եկել։ Նրանք կորցրել են ամեն ինչ, հատկապես՝ բանականությունը։ Այդ արմատական ​​ձախակողմյան թուլամիտները դարձյալ «իմպիչմենտ» են մոգոնել։ Արդեն երկու «անանուն», անհարգալից կոնգրեսականներ, լիակատար խելագարներ, քսաներորդ անգամ բարձրացնում են Դոնալդ Թրամփին «իմպիչմենտի» ենթարկելու հարցը, չնայած նրանք պատկերացում չունեն, թե ինչի համար կարող են ինձ իմպիչմենտի ենթարկել»,-գրել է նա X-ում։

«Այդ կոնգրեսականները հայտարարել են, որ չգիտեն, թե ինչի համար կարող են ինձ իմպիչմենտի ենթարկել, բայց [նրանք ասացին]՝ «մենք պարզապես ուզում ենք դա անել»։ «Հանրապետականները պետք է քննարկեն նրանց Կոնգրեսից հեռացնելու հարցը՝ նրանց կատարած բոլոր հանցագործությունների համար, հատկապես ընտրական շրջանում»,-հավելել է նա։

«Ինչո՞ւ ենք թույլ տալիս նրանց անընդհատ օգտագործել իմպիչմենտը որպես զենք Միացյալ Նահանգների նախագահի դեմ, որը, համընդհանուր կարծիքով, ամեն ինչ անում է մեր երկիրը փրկելու համար։ Դա նույն սխեման է, որը նրանք օգտագործել են իմ առաջին ժամկետի ընթացքում, և հանրապետականները թույլ չեն տա, որ նրանք կրկին ջրից չոր դուրս գան»,-եզրափակել է Թրամփը։