Թրամփը խելագար է անվանել այն կոնգրեսականին, ո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի խիստ քննադատության է ենթարկել դեմոկրատ կոնգրեսական Շրի Թանեդարին (Միչիգանի նահանգ), որը նրա իմփիչմենթի մասին բանաձեւ է ներկայացրել, բայց Թանեդարին շփոթել է նույն նահանգի հանրապետական Ջոն Ջեյմսի հետ։

«Մի ինչ-որ տղա, որի մասին երբեք չեմ լսել, Ջոն Ջեյմս։ Նա կոնգրեսակա՞ն է։ Նա ասել է. «Տիկնայք եւ պարոնայք, ես պատրաստվում եմ նախաձեռնել Դոնալդ Թրամփի իմփիչմենթը»։ Սատանան տանի, ի՞նչ եմ ես արել։ Դե ահա, նորից։ Նրանք ցանկանում են ինձ իմփիչմենթ հայտարարել։ Դա խելագարություն է։ Այդ խելագարն արդեն սպառվել է։ Ոչ, նրանք լրիվ ցնդել են, այդ մարդիկ»,- նշել է ԱՄՆ նախագահը Ուորեն քաղաքում (Միչիգանի նահանգ) կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս երկրորդ ժամկետի առաջին 100 օրվա առիթով։ Թրամփի կարծիքով՝ դեմոկրատները «լրիվ կորցրել են վստահությունն իրենց հանդեպ» եւ «կորցրել են ամերիկացիների վստահությունը»։

Թանեդարը երկուշաբթի բանաձեւ է ներկայացրելորով կոչ է անում իմփիչմենթի ենթարկել Թրամփին՝ յոթ մեղադրանք առաջադրելով ԱՄՆ նախագահին։ Ավելի վաղ մեկ այլ կոնգրեսական՝ Էլ Գրինը (դեմոկրատՏեխասի նահանգ), հայտարարել էր նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մտադրության մասին։ Դեռեւս Թրամփի առաջին նախագահական ժամկետում օրենսդիրը բազմիցս ներկայացրել է պետության ղեկավարի դեմ իմփիչմենթի հոդվածներ։ ԱՄՆ առաջնորդն իր ելույթի ժամանակ քննադատել է նաեւ Գրինին։

Այժմ Ամերիկայի նախագահին աջակցող Հանրապետական ​​կուսակցությունը մեծամասնություն ունի ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Կոնգրեսի Սենատում, ինչը գործնականում անհնարին է դարձնում պետության ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը։