Ուկրաինայի հետ ԱՄՆ գործարքը հազվագյուտ հողերի հանքանյութերի վերաբերյալ կարող է հասնել 1 տրլն դոլարի: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Սա շատ խոշոր գործարք է: Սա կարող է լինել 1 տրլն դոլարի գործարք»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը՝ խոսելով Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ ուկրաինական հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի մասին։ «Մենք 350 մլրդ դոլար ենք ծախսել [Ուկրաինային օգնելու համար], որովհետեւ Եվրոպան իրենց գումարը վերադարձրել է որպես վարկ, իսկ որ մենք նրանց պարզապես տվել ենք 300 կամ 350 մլրդ, իրականում ոչ ոք չգիտի: Նրանք նույնիսկ չեն կարող պատասխանել այս հարցին, բայց, ամենայն հավանականությամբ, այդ [գումարը] ավելի մեծ է: Այսպիսով, հիմա մենք ասում ենք, որ այդ գումարը հետ ենք ուզում: «Մենք օգնել ենք երկրին լուծել մի շատ մեծ խնդիր, խնդիր, որը շատ քչերն ունեին, որը չպետք է լիներ, որովհետեւ դա չպետք է լիներ, բայց եղավ, այնպես որ մենք պետք է շտկենք այն, բայց հիմա ամերիկացի հարկատուները հետ կստանան իրենց գումարները», ասել է ԱՄՆ նախագահը։Թրամփը հնարավոր է համարել, որ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է փետրվարի 28-ին մեկնել Վաշինգտոն՝ համաձայնագիրը ստորագրելու։ Ինչպես նշել են տեղական լրատվամիջոցները, փաստաթղթում չի խոսվում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, որոնք Կիեւի կողմից գործարք կնքելու պայմաններից մեկն են։



