
Երրորդ համաշխարհային պատերազմը ոչ մեկի շահերին չի համապատասխանում, սակայն ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի կառավարման եւս մեկ տարին կարող էր հանգեցնել դրան, չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ մեկի համար շահ չկա երրորդ համաշխարհային պատերազմից, իսկ դուք այնքան էլ հեռու չեք դրանից: Ես ձեզ հենց հիմա կասեմ՝ դուք այնքան էլ հեռու չեք: Եթե մենք ունենայինք այդ [Ջո Բայդենի] վարչակազմի եւս մեկ տարի, դուք կհայտնվեիք երրորդ համաշխարհային պատերազմում։ Բայց դա հիմա տեղի չի ունենա»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) ներդրումային համաժողովում, որը կազմակերպել էր Սաուդյան Արաբիան: Ինչպես ասել է Թրամփը, ինքը «շատ արագ է շարժվում պատերազմներին վերջ տալու, հակամարտությունները լուծելու եւ մոլորակում խաղաղությունը վերականգնելու համար»։ «Ես խաղաղություն եմ ուզում։ Նայեք մարդկային կորուստներին Մերձավոր Արեւելքում, մարդկային կորուստներին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ [հակամարտությունում]: Այս ամենը շարունակվում է, եւ մենք պատրաստվում ենք վերջ դնել դրան»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։