ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ։ Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց դա պետք է անեն օրինական ձեւով։ Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ լինեն, պետք է օգտակար լինեն»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։ Թրամփը նախկինում բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման։ Բացի այդ, Թրամփը Պենտագոնին եւ ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել է ընդլայնել միգրանտների կալանավայրը Կուբայում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան բազայում։