Թրամփը հայտնել է Կանադայից ԱՄՆ նավթամուղի կառ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետք է վերսկսել Կանադայից ԱՄՆ Keystone XL նավթամուղի շինարարությունը։ Նա այդ մասին երկուշաբթի հայտարարություն է տեղադրել Truth Social-ում: Ինչպես երեւում է Թրամփի հրապարակումից, կանադական կապալառու TC Energy ընկերությունը, որը մասնակցել է խողովակաշարի կառուցմանը, պետք է «անհապաղ կառուցի այն»։ Միեւնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը մեղադրել է իր նախորդին՝ Ջո Բայդենին անգործունակության մեջ, որը հրամայել էր դադարեցնել Keystone XL-ի շինարարությունը, չնայած այն հանգամանքին, որ Օտտավան աջակցել է նախագծին։ «Մենք ցանկանում ենք, որ կառուցվի Keystone XL խողովակաշարը»,- ասել է Թրամփը՝ խոստանալով, որ կապալառուն դժվարություն չի ունենա նախագծի հաստատման հարցում եւ կարող է «գրեթե անմիջապես» սկսել շինարարությունը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ դրա համար կարող է դիմել այլ ընկերությունների ծառայություններին։ 2016թ. նոյեմբերին այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման հայտնել էր Keystone XL-ի նախագծից հրաժարվելու իր որոշման մասին՝ ասելով, որ դա «չի բխում ազգային անվտանգության լավագույն շահերից»: Սակայն արդեն 2017թ. հունվարին Սպիտակ տանը Օբամային փոխարինած Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվել է ամերիկյան նախորդ վարչակազմի որոշումն այս առնչությամբ։ Այնուհետեւ, 2021թ. հունվարին, Բայդենը ստորագրել է հրամանագիր՝ կրկին դադարեցնելով Keystone XL-ի շինարարությունը։ Ավելի ուշ TC Energy-ն հայտնել էր, որ դադարեցնում է նախագիծը Բայդենի որոշման պատճառով:Նախագիծը ենթադրում էր խողովակաշարի կառուցում՝ Կանադայից օրական ավելի քան 800 հազար բարել նավթ ԱՄՆ Տեխասի եւ Լուիզիանայի նահանգների նավթավերամշակման գործարաններ հասցնելու համար։ Խողովակաշարի երկարությունը պետք է կազմեր 1,9 հազար կիլոմետր՝ Հարդիստի քաղաքից (Կանադայի Ալբերտայի նահանգ) մինչեւ Սթիլ Սիթի (ԱՄՆ Նեբրասկայի նահանգ), որտեղից նախատեսվում էր վառելիքը այլ նավթատարներով մղել ԱՄՆ հարավ։