
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայից Վաշինգտոն չվերթը կատարող իր ինքնաթիռում մամուլի ներկայացուցիչների հետ շփվելիս ասել է, որ դիտարկում է Չինաստանի դեմ «փոքր հաշվեհարդարի» հնարավորությունը՝ առեւտրային ոլորտում նրա գործողությունների համար։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը կիրակի հրապարակել է զրույցի սղագրությունը: Պետության ղեկավարին հարցրել են, թե ինչ տեսք ունի Պեկինի հետ պոտենցիալ արդար գործարքը, որի մասին նա անընդհատ խոսում է։ «Գիտեք, ես ցանկանում եմ արդար գործարք Չինաստանի հետ, բայց Չինաստանը երկար տարիներ է՝ գողանում է մեզանից: Այսպիսով, գուցե որոշ ասպեկտներ կան մտածելու, գիտեք, մի փոքր հաշվեհարդարի մասին»,- պատասխանել է Թրամփը: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ այս շաբաթ չի ծրագրում բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Թրամփը ապրիլի 2-ին հայտնել էր 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ 10 տոկոս համընդհանուր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատական մաքսատուրքերը՝ ապրիլի 9-ին։ Այնուհետեւ Ամերիկայի առաջնորդը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների եւ տարածքների վրա փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Միաժամանակ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը չինական ապրանքների մաքսատուրքերը հասցրել է 125 տոկոսի։