
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հետաքրքրություն է հայտնել Վատիկանում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում մայիսի 19-ի երեկոյան։
Թրամփը նշել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ և նրանց տեղեկացրել, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես»։
«Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ շատ հետաքրքրված կլինի բանակցությունների հյուրընկալմամբ։ Թող գործընթացը սկսվի», - հավելել է Թրամփը։
Նա Պուտինի հետ 2 ժամ տևած իր զրույցն անվանել է «գերազանց»։
Reuters-ը նշում է, որ Իտալիայի վարչապետ Մելոնիի գրասենյակը նույնպես հայտնել է ԱՄՆ նախագահի և ԵՄ ղեկավարների միջև հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում Մոսկվայի և Կիևի միջև անհապաղ բանակցություններ սկսելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
«Այս առնչությամբ Սրբազան հոր պատրաստակամությունը, հյուրընկալելու բանակցությունները Վատիկանում, դրական է համարվել», - գրված է Մելոնիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Հռոմի պապ Լևոն XIV-ը, որն ընտրվել է երկու շաբաթ առաջ, առաջին ամերիկացին է կաթոլիկների քահանայապետի գահին։
Վատիկանը դեռ չի պատասխանել Reuters-ի հարցմանը՝ մեկնաբանել բանակցությունները հյուրընկալելու մասին Թրամփի հայտարարությունը։