Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանից և Չինաստա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման, ինչպես նաև նոր մարտագլխիկների ստեղծման վրա ծախսերի վերաբերյալ։ «Մենք հիմք չունենք ամբողջովին նոր միջուկային զենք ստեղծելու համար, մենք արդեն ունենք այդքան շատ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով, առկա պաշարը բավական է «աշխարհը 50 կամ 100 անգամ ոչնչացնելու համար», սակայն ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են նոր զենքեր արտադրել։ Միևնույն ժամանակ, միջուկային ծրագրերը խլում են գումար, որը կարող է ծախսվել «ավելի արդյունավետ բաների վրա», - նշել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները կարող են սկսվել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունների ավարտից անմիջապես հետո։ «Երբ մենք ամեն ինչ կարգավորենք, առաջին հանդիպումներից մեկը, որը ես ցանկանում եմ անցկացնել, Չինաստանի նախագահ Սի [Ցզինպինի] եւ Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր] Պուտինի հետ է։ Եվ ես ուզում եմ ասել՝ եկեք կիսով չափ կրճատենք մեր ռազմական բյուջեն»,- ասել է Թրամփը։ Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի (FAS) տվյալներով՝ Ռուսաստանն ունի մոտ 5800 միջուկային մարտագլխիկներ, այդ թվում՝ ապամոնտաժվածները, ԱՄՆ-ն՝ 5044, իսկ Չինաստանը՝ մոտ 500։ 1980-ականներից ի վեր կայուն անկումից հետո մարտագլխիկների գլոբալ պաշարները նորից սկսել են աճել՝ հիմնականում պայմանավորված Չինաստանի կողմից, որը FAS-ի կարծիքով՝ նպատակ ունի իր մարտագլխիկների թիվը հասցնել 1500-ի մինչև 2035 թվականը: