ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գնահատում է Ռուսաստանի և Չինաստանի որոշումը՝ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հատվածում խաղաղության իր ծրագրի բանաձևի քվեարկության ժամանակ։ Փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամմադ բին Սալմանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ։
«Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտոնապես ընդունեց իմ խաղաղության ծրագիրը և հավանություն տվեց Խաղաղության խորհրդի (ստեղծմանը)», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։
ԱՄՆ ղեկավարի կարծիքով՝ կարելի է համարել, որ փաստաթուղթն ընդունվել է միաձայն։
«Չինաստանը, որը դեմ էր, ձեռնպահ է մնացել և դեմ չի քվեարկել։ Ռուսաստանը, որը դեմ էր, դեմ չի քվեարկել։ Մենք գնահատում ենք դա։ Մեկ դեմ ձայն, և դա տեղի չէր ունենա», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է հասնել այն բանին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հանձնի ևս երկու պատանդի մարմին։ Թրամփի կարծիքով՝ Գազայում իրավիճակն առայժմ «փոքր-ինչ անկանոն է», բայց այն «կհասցվի կատարելության»:
Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևի օգտին, որը հաստատում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը։ Փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։
Ծրագրում ներառված է Միջազգային կայունացման ուժերի ստեղծումը, կառավարման անցումային մարմնի՝ Խաղաղության խորհրդի ստեղծումը։
Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլով հոկտեմբերի 10-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կատարել են պատանդների և բանտարկյալների փոխանակում։



