Թրամփը դժգոհ է, որ Ուկրաինան չի ցանկանում գնա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Կիեւի դիրքորոշումից, որը չի ցանկանում գնալ փոխզիջումների, որոնք «ամերիկյան եւ եվրոպացի պաշտոնյաները վաղուց մասնավոր կերպով ճանաչել են անհրաժեշտ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։ Այս մասին հայտնել է NBC News-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրա տվյալներով՝ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին դիմադրում է մի երկրի «խելամիտ պահանջներին, որն ավելի քան 75 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել»։ Թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը, չի նշվում։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը վրդովված է նաեւ Ուկրաինայի ղեկավարության հրապարակային բողոքներից, որ Վաշինգտոնը Կիեւին բացառել է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից։ «Հիասթափություն կա»,- NBC News-ին ասել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան՝ մատնանշելով, որ Զելենսկին եւ մի շարք եվրոպացի ղեկավարներ փորձում են «նսեմացնել» Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերը։ Ինչպես նշել է NBC լրատվական ծառայությունը, Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ լարվածությունը հասունանում էր անցած շաբաթվա ընթացքում, մինչեւ որ դրանք թափանցեցին հանրային դաշտ՝ Թրամփի եւ Զելենսկու փոխադարձ մեղադրանքների տեսքով։ Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի ղեկավարությունը հասկացել է, որ ԱՄՆ նախագահը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշմանը։