
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը՝ չնայած դա արգելված է երկրի Սահմանադրության 22-րդ ուղղմամբ։ NBC News-ին տված բացառիկ հարցազրույցում Թրամփը նշել է, որ դրա համար կան մեթոդներ՝ պարզաբանելով, որ այդ առումով «կատակ չի անում»։
«Շատ մարդիկ ցանկանում են, որ ես դա անեմ», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով իր դաշնակիցներին: «Բայց, ես հիմնականում ասում եմ նրանց, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որ դեռ շատ վաղ է վարչակազմի համար»:
«Ես կենտրոնացած եմ ներկայի վրա», - ավելացրել է Թրամփը:
Հարցին, թե արդյոք նա ցանկանում է ևս մեկ ժամկետ, նախագահը պատասխանել է. «Ես սիրում եմ աշխատել»:
NBC News-ը հարցրել է հնարավոր սցենարի մասին, որի դեպքում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ հետո այդ դերը կփոխանցի Թրամփին: Թրամփը դրան պատասխանել է, որ «դա մեթոդներից մեկն է»։
«Բայց կան նաև ուրիշներ», - հավելել է Թրամփը, սակայն չի մանրամասնել։
Նախագահական երկու ժամկետի սահմանաչափը վերացնելու համար Սահմանադրության փոփոխությունը չափազանց դժվար է և պահանջում է Կոնգրեսի ձայների երկու երրորդը կամ նահանգների երեք քառորդի կողմից վավերացում:
Միակ նախագահը, որը պաշտոնավարել է երկու ժամկետից ավելի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտն էր: 22-րդ ուղղումը վավերացվել է 1951 թվականին՝ Ռուզվելտի մահից հետո։