
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն այս շաբաթ կքննարկի Ռուսաստանի վրա ներգործելու բոլոր հնարավորությունները։ Այս մասին նա ասել է Fox News հեռուատաալիքին տված հարցազրույցում:
«Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները։ Այս շաբաթ մենք դրանք հատկապես ուշադիր կուսումնասիրենք», - ասել է Բեսենթը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է քննարկել Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշման հարցը, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայում հակամարտությունը դեռևս շարունակվում է։
Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, Անքորիջ քաղաքում գտնվող «Էլմենդորֆ-Ռիչարդսոն» ռազմաբազայում։ Երկու ղեկավարներն էլ դրական են գնահատել բանակցությունները։
Ավելի ուշ Թրամփը Կիևին և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին փոխանցել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար, այլ համապարփակ հաշտության համաձայնագրի ձեռքբերում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ աջակցում է այս պլանին։