
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։
Պապոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը մի շարք առանցքային ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն ու զբոսաշրջություն։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տնտեսական կապերի սերտացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր նախաձեռնությունների խթանմանը։
Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ նախարարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Այս համատեքստում ընդգծվել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման նախագիծ է, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը և լարվածության նվազեցմանը։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է ամերիկյան փորձը և աջակցությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության արդիականացման գործում։
Ավելի ուշ Գևորգ Պապոյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը մտավ գործնական իրագործման փուլ:
«Ամերիկյան կողմը նշեց, որ առաջիկայում միայն առաջին փուլի իրագործման համար Միացյալ Նահանգները Հայաստանին կտրամադրի 145 միլիոն դոլար, հետագայում այլ աջակցություններ ևս կլինեն»,- ընդգծել է Պապոյանը։