
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու որոշումը Չինաստանի համար բարիք է դարձել, քանի որ մաքսատուրքերը խարխլել են Վաշինգտոնի դիրքերը համաշխարհային ասպարեզում: Այս կարծիքն է ներկայացվել The Wall Street Journal-ի (WSJ) խմբագրական հոդվածում։ «Սխալ կլինի ենթադրել, որ մաքսատուրքերը միայն վնաս են հասցրել ներքին քաղաքականությանը: Ընկերների եւ թշնամիների վրա հարձակումները խաթարել են աշխարհի վստահությունը Միացյալ Նահանգների հուսալիության նկատմամբ, համոզված են հոդվածի հեղինակները: Չինաստանն արդեն օգտվում է դրանից եւ ԱՄՆ դաշնակիցներին դիտարկում է որպես ավելի հուսալի հսկա շուկա: Թրամփի մաքսատուրքերը դաշնակիցների հանդեպ իսկական նվեր են [Չինաստամօ նախագահ] Սի Ծինփինին»։ Պարբերականի խմբագրական կոլեգիան զգուշացնում է, որ նոր առեւտրային գործարքների հասնելը հեշտ չի լինի, եւ որ մաքսատուրքերի հետեւանքները սպառնում են «փչացնել Թրամփի երկրորդ ժամկետը»։ «Պաշտոնավարման երկրորդ ժամկետները հազվադեպ են հաջողվում, եւ դատելով Դոնալդ Թրամփի առաջին 100 օրերի արդյունքներից՝ նրա հետ նույնը տեղի կունենա: Նախագահը պետք է լուրջ վերալիցքավորում իրականացնի, եթե ցանկանում է փրկել իր վերջին տարիները [որպես պետության ղեկավար] իր հրահրած տնտեսական եւ արտաքին քաղաքական ցնցումներից»,- նշվել է հոդվածում։«Նրան ընտրել են գնաճը վերահսկելու եւ բնակչության իրական եկամուտների աճն ապահովելու համար, սակայն մաքսատուրքերը բերում են հակառակ [արդյունքի]: Մաքսատուրքերը տնտեսական քաղաքականության ամենամեծ ցնցումն են այն բանից հետո, երբ [ԱՄՆ 37-րդ նախագահ] Ռիչարդ Նիքսոնը խափանեց Բրետոն Վուդսի [արժութային համակարգը] 1971թ.՝ առաջացնելով գնաճ»,- կարծում է Wall Street Journal-ի խմբագրական կոլեգիան: