Թրամփի հաղթանակը կարող է դրդել Անկարային ուժե...

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է դրդել Թուրքիային ակտիվացնել միջնորդական ջանքերը՝ ուղղված ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Նման կարծիք է հայտնել կառավարամետ Hurriyet թերթը՝ մեկնաբանելով ամերիկյան ընտրությունների արդյունքները։

Հրատարակությունը հիշեցնում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի գլխավոր խոստումներից մեկն Ուկրաինայում հակամարտության դադարեցումն էր։

«Պուտինը սպասում էր, որ Թրամփը կհաղթի։ Այս կերպ, նա հույս ուներ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստել Զելենսկու հետ, որը կկորցներ ԱՄՆ աջակցությունը։ Պուտինի հաշվարկն աշխատեց։ Այս գործընթացը կարող է առաջին պլան մղել նախագահ Էրդողանին, քանի որ նա միակ առաջնորդն է, ով կարող է խոսել Պուտինի, Զելենսկու և Թրամփի հետ»,- նշում է Hurriyet-ի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին։

Նրա կարծիքով՝ Զելենսկին գլխավորել է ԱՄՆ ընտրություններում պարտվածների ցուցակը։ Հաղթողների թվում լրագրողը նշում է ՌԴ նախագահ Պուտինին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ով հայտնի է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերով։