
Ուկրաինան, պատերազմի արդյունքում, կարելի է բաժանել մի քանի պատասխանատվության գոտիների, ինչպես պատերազմից հետո Բեռլինը բաժանվեց ազդեցության գոտիների, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նրա խոսքերը մեջբերել է The Times թերթը ուրբաթ՝ ապրիլի 11-ին։
Քելլոգի կարծիքով՝ օտարերկրյա խաղաղապահները կարող են տեղակայվել Դնեպր գետից արևմուտք, որը կդառնար բնական պատնեշ նրանց և ռուսական զինված ուժերի միջև։ Նա կարծում է, որ նման ուժը «բոլորովին էլ սադրիչ» չի լինի Մոսկվայի համար, իսկ Ուկրաինան բավականաչափ մեծ երկիր է՝ տեղավորելու մի քանի բանակներ, որոնք ձգտում են պահպանել հրադադարը։
«Դուք կարող եք անել նմանատիպ բան, ինչ տեղի ունեցավ Բեռլինի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կար ռուսական գոտի, ֆրանսիական գոտի, բրիտանական գոտի և ամերիկյան գոտի», - լրագրողների փոխանցմամբ՝ ասել է Քեյթ Քելլոգը։ Ավելի ուշ նա պարզաբանեց, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի ուղարկի Ուկրաինա։
Բացի այդ, Քելլոգի առաջարկի համաձայն, երկրի արևելքում պետք է ստեղծվի 30 կիլոմետր երկարությամբ ապառազմականացված գոտի, իսկ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Ռուսաստանի փաստացի վերահսկողությունը օկուպացված տարածքների նկատմամբ։ «Կլինե՞ն (հրադադարի ռեժիմի - խմբ.) խախտումներ։ Հնարավոր է, որովհետև դրանք միշտ լինում են։ Բայց դա շատ հեշտ կլինի վերահսկել», - բացատրեց նա։
«Թայմս»-ը իր տեքստում նշում է, որ Քելլոգի առաջարկած ծրագիրը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինի բաժանումից։ Ի վերջո, Գերմանիան կապիտուլյացիա արեց օտարերկրյա բանակների առջև, և Ուկրաինան ինքը խաղաղապահներ կհրավիրի իր տարածք։