Քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող նախկի...

Մոտ մեկ տարի տարբեր քրեական գործերի մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող նախկին ՔՊ-ական, Թաթուլ Ասիլյանը, ով Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և կալանավորվել էր, Shabat.news-ի տեղեկություններով՝ այսօր կտեղափոխեն Հայաստան։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 13-ին, տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել Թաթուլ Ասիլյանին հեռացնել կուսակցությունից, և որպես պատճառ նշվեց կարգապահական բնույթի խախտումները, սակայն չմասնավորեցվեց թե ինչ խախտումների մասին էր խոսքը։ Մամուլում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Ասիլյանի՝ կուսակցությունից հեռացման պատճառը նրա ֆեյսբուքյան «հայտնի» գրառումն էր, որով կոչ էր արել երկրից արտաքսել արցախցի այն տեղահանվածներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքներին։ Սակայն ՔՊ աղբյուրներն ասում էին, որ Ասիլյանին հեռացնելու պատճառներն այլ են, նրան ոչ միայն պետք է հեռացնեին, այլև նա իրավապահների տեսադաշտում պետք է հայտնվեր, քանի որ ներքաշվել էր կոռուպցիոն գործարքների մեջ, բազմաթիվ քաղաքացիներից գումար էր շորթել՝ շինթույլտվությունների համար «վերևներին» միջնորդելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 14-ին էլ կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Արդեն 2024 թվականի մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։ Այս հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մանրամասները՝ shabat.news