Թրամփ. Զելենսկին ուզում է հրաժարվել օգտակար հ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, իբր, ցանկանում է հրաժարվել հազվագյուտ մետաղների գործարքից, հայտնում է Reuters-ը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը խնդիրների առաջ կկանգնի, եթե հրաժարվի գործարքից։

«Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, նա դժվարության մեջ է ընկնելու, մեծ, մեծ անախորժության մեջ», - ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին:

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ մարտի 28-ին, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան միայն այդ օրն է պաշտոնապես ստացել ընդերքի մասին գործարքի նախագիծը ԱՄՆ-ից։ Սակայն այն պարունակում է կետեր, որոնք կողմերը նախկինում մերժել էին։

«Սա բոլորովին այլ փաստաթուղթ է, դրա մեջ շատ բան կա, որը չի քննարկվել, և ի հայտ են եկել նաև որոշ բաներ, որոնք կողմերը նախկինում մերժել էին»,- ճեպազրույցում ասել է նախագահը։

Նա շեշտել է, որ ցանկանում է փաստաբաններից կոնկրետ կարծիքներ ստանալ։ Նրանք պետք է ուսումնասիրեն փաստաթուղթը և համեմատեն նման գործարքի բոլոր տարբերակները։ Զելենսկին հրապարակավ հայտարարել է, որ գործարքի որոշ առաջարկներ կվերացվեն, և երբ այնտեղ օրենսդրական սպառնալիքներ չլինեն, ինքը կգնահատի դա։ Նախագահն ասել է, որ այս պահին չի ցանկանում «արձագանքել յուրաքանչյուր հաղորդագրության»։