Թրամփ-Պուտին հանդիպումը կախված է Ուկրաինայի շ...

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է բովանդակալից լինի և կախված լինի ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ չնայած երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ոլորտներին, ուկրաինական ճգնաժամը շարունակում է մնալ հարաբերությունները բարդացնող հիմնական գործոնը։

«Հանդիպում չի լինի, քանի դեռ մենք չիմանանք, թե ինչի մասին է այն լինելու», - ասել է Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է X-ի իր էջում։

Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ կապերի կորստի կապակցությամբ։ Նրա խոսքով, նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև պահպանվում էին կապի ուղիներ, որոնք այժմ գրեթե չեն գործում։

Մեկնաբանելով ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև անցած բանակցությունները՝ նա նշել է, որ հանդիպմանը տարածքային հարցեր չեն քննարկվել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այժմ անհնար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման համար։ Անհնար է խոսել ժամկետների մասին՝ նույնիսկ հաշվի առնելով, որ երկու երկրների նախագահներն արդեն հայտնել են միմյանց հետ հանդիպելու իրենց պատրաստակամությունը, նշել է նա։