Տոնոյանը գործընկերների հետ քննարկել է ՀԱՊԿ ռա...

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում (Ղրղզստան) կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում, նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր։

Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը:

Ընդլայնված նիստի ընթացքում դիտարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են օրակարգի բոլոր համաձայնեցված հարցերը:

Միջոցառման օրակարգի շրջանակներից դուրս ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ընթացիկ տարվա միջոցառումների ծրագիրը: