Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի՝ վարչապետ ընտրվելուց օրեր անց, իր ֆեյսբուքյան էջում ավետեց, որ կապ է հաստատել տնտեսագետ Տարոն Աճեմօղլուիի հետ․«Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել էր Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը այս կերպ ցանկանում էր ցույց տալ, որ սփյուռքի հայտնի հայ գործիչները աջակցում են իրեն և կանգնելու ենք իր կողքին, որպեսզի պետությունը դուրս հանի տնտեսական փոսից։ Վարչապետի հեռախոսազրույցից հետո մի քանի անգամ իշխանությունները տեղեկություններ են տարածել, որ Աճեմօղլուն առաջիկայում Հայաստանում կլինի, և որ այցի մանրամասններ են ճշտվում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ նախորդ տարվա հուլիսին հայտարարել էր, որ օգոստոսի 10-20-ն ընկած ժամանակահատվածում մի քանի օրով Տարոն Աճեմօղլուն կգա Հայաստան․«Քննարկում ենք օգոստոսին այցելելու տարբերակները: Հավանաբար օգոստոսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կգա: Այցը 4-5 օրով է նախատեսված: Սպասում ենք ժամկետների վերաբերյալ պարոն Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,- ասաց Վարագ Սիսեռյանը:
Մամուլում նաև հայտնվեցին լուրեր, որ Աճեմօղլուն իր աջակցության դիմաց պահանջել է 300 հազար դոլար, իսկ կառավարությունը դժվարանում է այդքան գումար վճարել նրան։ Վարագ Սիսեռյանը այս տեղեկատվությունը ևս հերքել էր․«Ես պարոն Աճեմօղլուի հետ պաշտոնապես կապի մեջ եմ: Մենք էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով ենք զրուցում՝ Հայաստան այցելելու վերաբերյալ, և նման բան չի եղել, որ պարոն Աճեմօղլուն գումար պահանջի: Նա պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, օգնել՝ ինչով որ կարող է, և աբսուրդ է ասել, թե ինքն է մեզնից գումար ուզել»,-ասել էր Սիսեռյանը։
Եվ ահա այս հայտարարություններից և խոստումներից անցել է մեկ տարի, բայց Աճեմօղլուն այդպես էլ չեկավ Հայաստան։ Ավելին՝ նա կարծես կտրել է իր կապերը Հայաստանի կառավարության հետ։ Սփյուռքի մեր աղբյուրները պնդում են, որ Աճեմօղլուն կարճ ժամանակ ուսումնասիրելով կառավարության ոճը և իրականացրած քայլերը, հասկացել է, որ անհնար կլինի դրական արդյունքների հասնել։ Աճեմօղլուն իր շրջապատում ասել է, որ իհարկե շատ է ցանկանում աջակցել իր հայրենիքին, բայց չի ցանկանում իր անունը կապել անհաջողակ կառավարության հետ։ Ինքը համաշխարհային հռչակ ունեցող տնտեսագետ է, ու Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը կարող է ստվեր նետել իր հեղինակության վրա։



