Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, պայթյուն է...

Շաբաթ օրը 18։00-ի սահմաններում սանհանգույցում, որտեղից արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել  ճշտել, թե ինչով է պայմանավորված այն,  ներս է մտել լույսը վառել և պայթուն է տեղի ունեցել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց աղբավայրի տնօրենի տեղակալ Դանիելյանը։

Հիշեցնենք,որ պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։

Դանիելյանը տեղեկացրեց, որ ըստ բժիշկների տեղեկությունների, տնօրենը գտնվում է կայուն ծանր վիճակում և հույս հայտնեց, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա։

Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց. «Երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր՝ 15% մաշկի ախտահարում կա ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը շնչառական օրգաններն ախտահարված չեն»։

Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն էլ հայտնեց, որ սանհանգույցի կոյուղագծի միջոցով բիոգազի շմոլ գազի կուտակում է տեղի ունեցել, որը պայթյունի պատճառ է հանդիսացել։

«Սա նշանակում է, որ մենք ամբողջական մոնիթորինգ պետք է անցկացնենք աղբավայրի բոլոր հատվածներում, որտեղ նմանատիպ վտանգ կա, որովհետև շատ վատ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի, կարող էր լինել նաև զոհերով»,-ասաց Ավինյանը և հավելեց որ պետք է բոլոր կանոնները պահպանվեն։