Շիրակի ու Լոռու մարզերի տնակների հաշվառման գործընթացը շարունակվում է: Երեկ Գյումրու համայնքապետարանում այս հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր, որին մասնակցել են մարզերի ոլորտով զբաղվող պատասխանատուները: Քանի՞սն են Գյումրիում ժամանակավոր կացարանները, ի՞նչ կարգավիճակում են դրանք գտնվում. ստեղծված հանձնաժողովի առաքելությունն էր պարզաբանել այս բոլոր հարցերը:
Politik.am-ը հանձնաժողովի անդամներից «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանի հետ խոսեց տնակների հաշվառման գործընթացից ստացված թվային տվյալների և աշխատանքային քննարկման արդյունքների մասին: Վահան Թումասյանն ասաց, որ ըստ էության արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դեռ քննարկման և առաջարկությունների փուլում են.
«Աշխատանքային քննարկմանը ֆիքսվել է, որ աղետի գոտում բավականին ցավոտ իրավիճակ է: Կան շուրջ 6 հազար տնակներ, որոնցից 3330-ը ամբողջ Շիրակի մարզում, 2800` Գյումրիում: Հսկայածավալ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այդ տարածքները առնվազն տնակներից ազատվեն»:
Վահան Թումասյանը նշեց` տնակների առյուծի բաժինը Գյումրիում է, և քաղաքը չի կարող աղետի հոգեբանությունից ազատվել, քանի դեռ տնակային ավանները կան: Նախորդ 18 տարիների ընթացքում կենտրոնի կողմից բազմաթիվ առաջարկներ են եղել, եթե դրանք կյանքի կոչվեն հնարավոր է խնդիրը թեթևացնել, սակայն դժվար կլինի ասել, թե այն ամբողջովին կլուծվի.
«Նախորդ տարիներին աշխատանքներ կատարվել են, սակայն ոչ բավարար քանակով: Եթե դրանք էլ չլինեին, մոտ 30 հազար տնակից Գյումրիում 3500 չէր մնա: Արդեն 2 կամ 3 տարի է աղետի գոտու վերականգնման որևէ ծրագիր չի իրականացվել, սակայն մենք առաջարկել ենք, որ ուզենք թե չուզենք բնակրանշինությունը պետք է սկսվի, ամրացման ենթակա շենքերը պետք է ամրացվեն»:
Կենտրոնի ղեկավարը խոսեց նաև բնակարանների գնման վկայական ծրագրի մասին, երբ պետությունը գումար էր տրամադրում ընտանիքին բնակարան գնելու համար.
«Այս անգամ պետք է առաջարկենք, որ գումարը ոչ թե վստահվի անօթևան ընտանիքին, այլ պետությունը ինքը գնի բնակարանը , վերանորոգի և տրամադրի շահառուներին»:
Աննա Հովհաննիսյան



