Տիրան Խաչատրյանի կողմից անփույթ վերաբերմունք...

Շուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը: Ըստ Քննչական կոմիտեի՝ բարձրաստիճան զինվորականն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է 20 թվականի հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։

Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ դրանից ընդամենը մի քանի օր անց է որոշել՝ Տիրան Խաչատրյանին պետք է Ազգային հերոսի կոչում շնորհել:

«Անհասկանալի է։ Այդ գործողություններից հետո պարոն Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում են շնորհում, և անցնում է դրանից 4.5 տարի, այդ նույն գործողությունների համար մեղադրանք են առաջադրում ու կալանավորում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Գեներալ-լեյտենանտի պաշտպանականը թիմը պնդում է՝ թե՛ Խաչատրյանի կալանավորումը, թե՛ նրան առաջադրված մեղադրանքը զուրկ են իրավական հիմքերից: Ծավալուն քրեական գործից երեկ Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ հայտնեց:

Իրավապահները պնդում են, թե Խաչատրյանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորքերի հարավային խմբավորման հրամանատարն էր, անփույթ է վերաբերել իր ծառայողական պարտականություններին: Ավելի կոնկրետ՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով և մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։