Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը հեռացել...
Ազգային Ժողովրդավարական բևեռի անդամ Հայկ Մարտիրոսյանը գրում է․
ԱԺԲ խորհրդի կազմից Եվրոպական կուսակցության երկու ներկայացուցիչների` Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի ինքնակամ հեռանալն իրենց որոշումն է: Եվ ես հարգում եմ այդ որոշումը:
Առավել քան երբևէ ԱԺԲ-ին անհրաժեշտ է միասնական մնալ: Անձամբ ես, չնայած նախկինում ունեցած և հայտնի հակասության ոչ իմ մեղքով հրապարակայնացված առնվազն չորս դրվագներին` ցավում եմ, որ մեր երկու գործընկերները հեռանում են ԱԺԲ-ից:
Միասին մենք ուժեղ էինք: Միասնությամբ առավել ուժեղ էին և նրանք:
Բայց, ԱԺԲ-ի առաքելությունն իր վրա ստանձնելու կարիք Հայաստանի Եվրոպական Կուսակցությունը կամ որևէ այլ կուսակցություն չունի: «Մատյան Գունդ»` ԱԺԲ-ի փոխարեն դառնալու` նույնպես: ԱԺԲ-ն չի թուլացել և սրանով հաստատ չի թուլանալու: ԱԺԲ-ին փոխարինելու կարիք չկա: Յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի և ԱԺԲ-ի դերն այսօրվա քաղաքական դաշտում` անայլընտրանք է:
Ու թեև ցավալի է, որ մեր արդեն երբեմնի գործընկերները, ԱԺ ընտրություններում այլևս փաստացի մրցակից են մեզ դառնալու, բայց մենք շատ հողմեր ենք հաղթահարել և ջրբաժանին այս փոքրիկ բաժանումը նույնպես կհաղթահարենք:
ԱԺԲ-ն Արա Պապյանը չէ, ԱԺԲ-ն Ժիրայր Սեֆիլյանը չէ, ԱԺԲ-ն Վարուժան Ավետիսյանը չէ, ԱԺԲ-ն Հայկ Մարտիրոսյանը չէ, ԱԺԲ-ն գաղափար է, ԱԺԲ-ն հայ ժողովրդի ինտելեկտուալ ու ազգային միտքն է: Միտքն ու ոգին: Իսկ դրանք այս կամ այն խորհրդի անդամի ընտրական ցուցակում լինել-չլինելուց ո´չ տուժում են և ո´չ վարկաբեկվում:
ԱԺԲ-ն ուժեղ է նրանով, որ այն ոչ թե անձանց, այլ գաղափարի ուժ է և որոշ գաղափարակիրների հեռանալով` գաղափարն ու թիմը չեն թուլանալու: ԱԺԲ-ն ինքը կարող է և ունակ է իր Ավարայրը վարել և մենք շարունակելու ենք ավելի ուժեղանալ` թեկուզ առանց երկու` այս անպատեհ պահին դեպի իրենց առանձին կուսակցություն հեռացած արդեն նախկին գործընկերների: Եվ հիմա ավելի ենք ուժեղանալու:
Մաղթելով հաջողություն մեր արդեն նախկին գործընկերներին կուսակցական և քաղաքական իրենց գործունեության մեջ` մենք` ի դեմս ԱԺԲ-ի, շարունակելու ենք մեր վստահ արշավն առաջ:
Առաջ` դեպի ազատ և ազատագրվելիք Հայաստան:
Առաջ` դեպի ապագա:
Դեպի ազգային ապագա: