Իրավական տեսանյութից կարող եմ ասել, որ քրեական գործը հարուցվել է դեպքի արթիվ և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետևենք ընթացքին հասկանանք այնտեղ ինչ է կատարվում։ Այս մասին այսօր ՔԿ-ի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին իրավապահ մարմինների կողմից հարցաքննության կանչելուն։
«Զուտ քաղաքական մասով կարող եմ ասել, որ եկեք մի փոքր իրականությանը վերադառնանք և վերհիշենք, բոլոր գործընթացները, որոնք նախկինում են տեղի ունեցել Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հետ կապված։ Սա զուտ քաղաքական մասով եմ ասում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր պրոցեսներում մենք մոռանում ենք անցյալում՝ ինչ է տեղի ունեցել և ես միանշանակ վստահ եմ, որ ՍԴ-ն այս պահին ունի լեգիտիմության խնդիր, ես չէի ուզենա, որ որպես քաղաքական հետապնդում դիտվեր որևէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում, բայց, այնուամենայնիվ, քաղաքական առումով պետք է արձանագրել, որ իրականում խնդիր կա ՍԴ-ում և այդ խնդիրը որևէ մի ժամանակահատվածում լուծում պետք է ստանան»։
Ավինյանը ընդգծեց, որ սա խնդիր է նաև ՍԴ-ի համար. «ՍԴ-ն պետական ինստիտուտ է, որի նկատմամբ պետք է լինի հարգանք, բայց չենք կարող աչքներս փակել բոլոր այն խնդիրների վրա, որոնք այնտեղ առկա են, սա խնդիր է նաև ՍԴ-ի համար»։



