Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետն ընդգծել է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև դեռևս 2000 թվականին կնքված համագործակցության պայմանագիրը: Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ եվրոպական տարբեր նախագծերի շրջանակներում, նաև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում։
Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ երկու քաղաքներն էլ ունեն գործակցության մի շարք ընդհանրություններ և հետաքրքրություններ, որոնք կձևավորեն փոխշահավետ դաշտ ու կնպաստեն կապերի ընդլայնմանը:
Քիշնևի պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: