
Ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների արժեքը գերագնահատվել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի իշխանությունների կողմից: Այս մասին հայտարարել է բրիտանական The Spectator շաբաթաթերթի սյունակագիր Օուեն Մեթյուզը։
Նա նշել է, որ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Ուկրաինան հազվագյուտ հողային մետաղների զգալի պաշարներ չունի։ Ավելին, այս մետաղների ամբողջ համաշխարհային շուկան, որն այժմ վերահսկվում է Չինաստանի կողմից, գնահատվում է տարեկան ընդամենը 15 մլրդ դոլար։
Միաժամանակ, Մեթյուզը նշել է, որ Ուկրաինան ունի այնպիսի մետաղներ, ինչպիսիք են տիտանը, լիթիումը, ուրանը, կոբալտը, գրաֆիտը, պղինձը և նիկելը, ինչպես նաև գազի և ածխի պաշարներ։ «Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ այդ պաշարների մեծ մասը քիչ է շահագործվում կամ ընդհանրապես չի շահագործվում։ Ուկրաինան հնարավորություն չունի իր օգտակար հանածոների մեծ մասը վերամշակել պատրաստի արտադրանքի»,- ընդգծել է լրագրողը։
Մեկ այլ խնդրահարույց կետ, ըստ հոդվածագրի, այն է, որ «աշխարհն արդեն ունի շատ օգտակար հանածոների ավելցուկ, որոնցով հարուստ է Ուկրաինան»: Ինչպես նշել է Մեթյուզը, 2024 թվականին լիթիումի համաշխարհային վաճառքը կկազմի ընդամենը 37 միլիարդ դոլար՝ 22 տոկոսով պակաս 2023 թվականի մակարդակից: Նա եզրակացրել է, որ «Կիևի ռեսուրսներն արժեք ունեն», սակայն դրանցից գումար վաստակելը կպահանջի «երկար, դժվար և թանկ աշխատանք»: