Թեղուտ ՓԲԸ-ի և Ալավերդու պղնձաձուլական գործար...

Լոռու Օձունը համայնք է դարձել 2017-ից՝ իր մեջ ներառելով 9 բնակավայրեր: Ունի 8000 բնակիչ, ամենամեծը Օձունն է՝ շուրջ 5000 բնակչով: 

Politik.am-ի հետ զրույցում Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի վարչական ղեկավար Հարություն Գալաստյանը ներկայացնում է, որ բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ Օձուն բնակավայրում վերջին տարիներին զարգանում է հյուրատնային բիզնեսը, տուրիստների հոսքի միտում կա: 

Գալստյանի խոսքով՝ խորը կառուցվածքային խնդիրներ համայքնում չկան: Ութ բնակավայրում կա 9 դպրոց. Օձունում 2-ն են: Ընդհանուր համայնքում կա 4 մանկապարտեզ, վերջին 2-ը հիմնավել են խոշորացումից հետո: 

Ըստ վարչական ղեկավարի՝ ընդհանուր խոշորացված համայքնում գրեթե բոլոր տարիներին  ծնելիությունը ավելի պակաս է եղել, քան մահացությունը: Բնական աճը բացասական է.«Սա կախված է բազմաթիվ խնդիրներից՝ աշխատատեղերի բացակայություն, սոցիալական վատ պայմաններ, նաև՝ աղտոտված օդը, ջուրը՝ մետաղաձուլական հանքարդյունաբերության պատճառով, ազդում են բնակիչների առողջության վրա. տղամարդկանց մոտ հիմնականում սիրտ-անոթային հիվանդություններն են, կանանց մոտ՝ քաղցկեղը»: 

Գալստյանը նշում է, որ վերջին տարիներին ավելացել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, քանի որ հիմնական աշխատատեղերը՝ Թեղուտ ՓԲԸ-ն և Ալավերդու պղնձաձուլական գործարանը, փակվեցին.«Մոտ 200 աշխատող Օձուն գյուղից կար: Այդ մարդիկ մնացին առանց աշխատանքի և միակ բանը, որ կարող էին անել, արտագնա աշխատանքն էր»:

Երիտասարդ վարչական ղեկավարի խոսքով՝ երիտասարդները մեկնում են արտագնա աշխատանքի և այնտեղ հիմնավորվելով՝ ստեղծում են իրենց ընտանիքներն ու էլ չեն վերադառնում համայնք, կան նաև այնպիսիք, որ տեղափոխվում են ընտանիքներով`երբ տան տղամարդը մեկնում է արտագնա աշխատանքի, այնտեղ ավելի լավ պայմաններ է ստեղծում և ընտանքը տեղափոխում է իր մոտ:

Մարիամ Սարգսյան