Հայաստանի ֆոնդային բորսայում հունիսի 14-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով տեղաբաշխման աճուրդ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆոնդային բորսայից, պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35,3 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 41%-ով։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.9690%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 9.25%:
Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարելի է մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։
Աճուրդների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժնում։