
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից:
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում․
«Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։
Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։
Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։
Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,- գրել է նա։