Տեսանյութ. Վերջին պատերազմում Ադրբեջանն ունեց...

Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը պետք  է պատերազմից առաջ զինվորականների հետ խոսեր և հասկանար, թե ինչպիսին էր ռազմական բալանսը, պետք է հոկտեմբերի 19-ից հետո ճշտեր, թե ինչու քաղաքական ղեկավարությունը չդադարեցրեց պատերազմը: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Օրինակ՝ պետք է 2020 թվականի մայիսից տագնապ բարձրացներ, իհարկե ոչ հանրության համար, այլ ներքին շրջանառության համար, հասկանալու համար, թե «Բայրաքթարների» դեմ մենք ինչ պետք է անենք։ Հուլիսյան մարտերից հետո մենք պետք է հասկանայինք, թե մեզ ինչ է սպասվում, ոչ թե քաղաքական շոուների համար մեդալաբաժանությամբ զբաղվեինք։ Պատերազմի 4-րդ օրը գուցե ավելի ուշադիր լսեինք՝ ինչ են ասում զինվորականները եւ Բաքուն ու Գետաշենը գրավելու մասին այդ առասպելները տարածելու ֆոնին փորձեինք հասկանալ, թե ինչ պետք է անել պատերազմը օր առաջ դադարեցնելու համար։ Պետք էր ճշտել քաղաքական ղեկավարից, թե ինչու չի դադարեցնում պատերազմը»,- ասաց Նազարյանը։

Նա հորդորեց դադարեցնել բանակին ուղղված բոլոր մեղադրանքները. «Բանակը երբեք իդեալական չի եղել, բայց մեր բանակն է։ Մեր բանակը հաղթել է առաջին արցախյան պատերազմը, այդ բանակը մինչեւ 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել մեզնից։ Այդ բանակը, մեր տղերքը իրենց հրամանատարների հետ 44 օր պատերազմել են աշխարհի հզորագույն երկրների բանակների եւ ԶՈՒ-երի դեմ։ Մեր տղերքը թշնամուն 18-20 հազար զոհ են պատճառել, այդ բանակն է, որին պետք է հարգանքով վերաբերվել։ Մենք ձեզ մեղադրում ենք՝ մեր երկիր պատերազմ բերելու մեջ։ Մենք չենք ասում՝ ինչու չհաղթեցիք պատերազմը, ինչու մենք չկանխեցինք պատերազմը»։