Շենգավիթ համայնքի բնակիչ Սամվել Մկրտչյանի և «Արտաշատ Սիթի» ՍՊԸ վերճը շարունակվում է։ Ընկերությունը Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեում գտնվող հողակտորի օրինական սեփականատերն է արդեն 10 տարի։ Այդ ընթացքում քաղաքացի Սամվել Մկրտչյանը նշված տարածքի մի հատվածում ծառեր է տնկել և չի ցանկանում տարածքը տրամադրել օրինական սեփականատերերին։
Այսօր տարածքի սեփականատեր հանդիսացող ընկերության ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ եկել էին բարեկարգման աշխատանքներ կատարելու։ Տեղում էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք փաստեցին, որ տարածքի օրինական սեփականատերն է «Արտաշատ Սիթի» ընկերությունը։ Ընկերությունը ամիսներ առաջ Սամվել Մկրտչյանին առաջարկել է դրամական աջակցություն, որպեսզի նա կարողանա իր ծառերը տեղափոխել կամ այլ վայրում նոր այգի հիմնել, բայց քաղաքացին հրաժարվել է այդ աջակցությունից։ Շենգավիթ համայնքի բնակիչ Մկրտչյանը տարածքի սեփականատերերին տեղեկացրել է, որ համաձայն կլինի դուրս գալ իր զբաղեցրած տարածքից, եթե նրանք համաձայնեն ավելի քան 60 մլն դրամ արժեցող հողակտորի կեսը իրեն տալ՝ առանց որևէ փոխհատուցման։
Տեղում էր նաև Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Ասատրյանը, ով տեղեկացրեց, որ քաղաքացիական հայց են ներկայացրել «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ի դեմ։ Նրանք պահանջում են, որպեսզի ընկերությունը հրաժարվի իր իրավունքներից՝ ի օգուտ քաղաքացու ներկայացնելով ենթադրյալ փաստեր առ այն, որ հողի մասնավորեցումը կատարվել է ոչ օրինական ձևով։
«Արտաշատ Սիթի» ՍՊԸ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենք օրինական գործողություններ են իրականացնում, ավելին՝ հենց իրենք են դիմել ոստիկանությանը, որպեսզի տարածքում հասարակական կարգ պահպանեն։ Ընկերությունը պատրաստ է կատարել օրենքի բոլոր պահանջները և դատարանի որոշման դեպքում պատրաստ է կասեցնել իր աշխատանքները մինչև դատարանի վճռի կայացումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը։
Սամվել Մկրտչյանը պարբերաբար պառկում էր տարածում աշխատող տրակտորների անիվների տակ։ Նա ասաց, որ կինքնահրկիզվի։
Տեղում էր նաև Սամվել Մկրտչյանի որդին, ով ներկաներին ներկայացել էր ՊՆ աշխատակից։
Մանրամասնները՝ տեսանյութում:



