Ծնողին բազմիցս հորդորել ենք ու փոխանցել ենք հարակից շիրմաքարերի ծնողների հորդորներն ու խնդրանքները, որպեսզի դրանք հարգվեն, ինչպես նաև՝ ՊՆ-ի սահմանած պայմանները պահպանվեն, սակայն Ռոման Գևորգյանը, չանսալով մեր խնդրանքներին, շարունակել է դամբարանատիպ շիրիմ կառուցել՝ երկու հսկա սյուներով, որը, բնականաբար, ստվերել է կողիք շիրիմները, իսկ հետևի հատվածում գտնվող շիրիմներն ընդհանրապես չեն երևում: Այս մասին, ինչպես Politik.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարություն, հայտնել է նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը՝ պարզաբանելով 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը:
«Այդ պարագայում տեղին են եղել ծնողների բողոքները, փոխանցել ենք դրանք: Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա: Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի վեցից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս ենք հորդորել և խնդրել: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- հայտնել է ՊՆ պաշտոնյան:
Ասյօր կառավարության մոտ էին հավաքվել զոհվածի ծնողները, հարազատները եւ պահանջում էին պարզաբանել, թե ինչու է քանդվել իրենց որդու գերեզմանը: Զոհված զինծառայողի հայրը՝ Ռոման Գևորգյանը, հայտնել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են քանդել ու տարել այն: Նա ընդգծել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից:



