
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը: Մենք գյումրեցիներին ներկայանալու ենք ինչպես քաղաքի ընթացիկ կառավարման, այնպես էլ հեռանկարային զարգացման ծրագրերով:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու և հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» գաղափարները լայն արձագանք են գտել Գյումրիում: Պատահական չէ, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր թիմին հաջողվեց ստանալ ավելի քան 7.700 գյումրեցու ստորագրություն՝ ի աջակցություն այդ ծրագրերի կյանքի կոչման:
Ստորագրահավաքի արդյունքները, օրենքով սահմանված կարգով, կներկայացվեն ապագա ավագանու օրակարգում: Հարցը վերջին հաշվով պետական իշխանության տիրույթում է լուծվելու, բայց գյումրեցիներն ու ավագանին ևս իրենց անելիքն ունեն:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցողների դասավորությանը, ապա ակնհայտ հետնապահներին հանած՝ ընտրություններին մասնակցում է քաղաքական երեք հոսանք՝ 1. «Մայր Հայաստան» դաշինքը՝ որպես օրվա իշխանություններին գաղափարապես հակադրվող և ընդդիմադիր նոր ուժ, 2. նախորդ իշխանությունը ներկայացնող ուժերը, որոնք հասկանալի պատճառներով այլ ուժերի անվան տակ են հանդես գալիս, 3. «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր կցորդ «Եվրադաշինքով»:
Գյումրեցիներն արդեն իրենք պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են ուզում գնալ:
Հ.Գ. Տեղադրում եմ կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած մեր հավաքում հնչեցրածս ելույթը: