Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
«Սա չափազնց կարևոր որոշում է: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը. սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ, ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է», - ասաց նա:
Նրա խոսքով՝ սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպն, ու դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:
Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ Փաշինյանի այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ լուրջ չհամարելով միջանցքը «երկու ակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը ու հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
«Դատարանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո ու Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԼՂ: Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ դատարանը հստակ արձանագրել է Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
«Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»,- ասաց նա:
Դատարանը, Փաշինյանի խոսքով, համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ-ում բնական գազի ու էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը:
«Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել նաև էլհոսանքի անջատման կետի մասին ու այստեղ, իսկապես, անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել, բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ապացույցներ, այդ հիմքով կկարողանանքն նորից դիմել դատարան ու հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար:
«Ամենասկզբում ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության բարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկո ակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- ասաց նա: