Տեսանյութ․ Էն ժամանակ հիշել ասել եմ, հիմա չեմ...

Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով դատական նիստին այսօր ցուցմունք է տալիս 2023-ի սեպտեմբերի 22-ին Ամիրյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը՝ Արմեն Խեչումյանը:

Վերջինիս՝ դատարանում տված ցուցմունքը հակասում է նախաքննության ընթացքում քննիչի մոտ տված ցուցմունքին: Դատարանը թույլատրել է հրապարակել ոստիկանի նախաքննական ցուցմունքների այն հատվածները, որոնք հակասում են վկայի՝ դատարանում տված ցուցմունքին: Մասնավորապես՝ վկան դատարանում հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ պահի ցուցարարների մեջ տեսել է Լևոն Քոչարյանին, սակայն նրան որևէ ոստիկանի աշխատանք խոչընդոտելիս կամ որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելիս չի տեսել:

Հայտնել է նաև, որ չի տեսել շղթա կազմած քաղաքացիների: Ոստիկանը հայտնել է նաև, որ ինքը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս ոստիկանների մեջ չի եղել, նրան չի մոտեցել:

Մինչդեռ նախաքննության ժամանակ տված ցուցմունքում ոստիկանը հայտնել է, որ Լևոն Քոչարյանը եղել է շղթա կազմած քաղաքացիների մեջ, որ ինքը մասնակցել է շղթան կազմաքանդելուն, որ Քոչարյանը, ի թիվս այլ անձանց, փորձել է խոչընդոտել ոստիկաններին շղթան կազմաքանդելուն: