
Թերսնման և սովի պատճառով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 180-ի։ Նրանց շարքում 93-ը երեխաներ են։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, իշխանությունների հաղորդմամբ՝ օգոստոսի 3-ին Գազայի հատված է մտել հումանիտար բեռներ տեղափոխող 80 բեռնատար, որոնց մեծ մասը իսրայելցի զինվորականների թողտվությամբ թալանվել է։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով, որ թերսնման և բժշկական օգնության հասանելիության բացակայության պատճառով մահացության կտրուկ աճ է սպասվում։
Հուլիսի 26-ին Իսրայելի կառավարությունը որոշել էր վերսկսել օդային ճանապարհով մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի բնակիչներին: Որոշում էր կայացվել նաև ստեղծել մարդասիրական միջանցքներ ՄԱԿ-ի ավտոշարասյուների համար, որոնք սնունդ և դեղորայք պետք է հասցնեին Գազայի բնակիչներին:
Մատակարարումների մասնակի վերսկսումից հետո Գազայի վարչակազմը մեղադրեց Իսրայելին մարդասիրական օգնության բաշխումը դիտավորյալ խափանելու փորձերի մեջ: Գազայի իշխանությունների կարծիքով՝ Իսրայելը դիտավորյալ և համակարգված կերպով քաոս է սերմանում բնակչությանը մարդասիրական օգնության բաշխման գործում: