Օրերս մամուլում հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի`Մարտի 1-ի գործով տրված ցուցմունքը։ Պատասխաններ տալու փոխարեն այն առաջացնում է նոր հարցեր և կասկածներ:
Այսպես, մինչ այս էլ հայտնի էր, որ Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է 1․5 ժամ: Որևէ քաղաքացի, որը երբևէ հարցաքննվել է, թեկուզ մեկ հավի գողության գործով իբրև վկա, միանգամից կմտաբերի, որ ամբողջ գործընթացը մեկ հավի պարագայում տևում է ոչ պակաս, քան 2-3 ժամ: Իսկ այստեղ պարզապես հրաշքի ենք ականատես լինում, Տեր-Պետրոսյանին հարցաքննում են 90 րոպե: Եվ եթե հիշենք, որ Տեր-Պետրոսյանը շատ է սիրում իր անձը և խոսելիս մշտապես տաք թեյ է խմում ու ծխում, կարելի է պատկերացնել տեսարանը, երբ նա ոտքը ոտքին գցած, ըմբոշխնելով թեյը և հերթական ղուլաբը տալով, պատասխանում է քննիչի հարցերին: Քննիչը ժամանակ առ ժամանակ ավելացնում է թեյը, վառում սիրելի առաջնորդի հերթական գլանակը և տալիս հերթական` վաղուց պարապած հարցը: Եվ այստեղ մի շատ կարևոր բան. քննիչը նրան տվել է ընդամենը 2 հարց՝ սկզբում Տեր-Պետրոսյանը կարծես անգիր արած, տառ առ տառ վերարտադրում է իր՝ մարտիմեկյան, առավոտյան ասուլիսի տեքստը, ավելի ճիշտ՝ տեքստից մի հատված, դրան գումարվում են քննիչի կողմից տրված երկու խղճուկ հարցերը և վերջ: Ավելին հարցնել չի կարելի, չէ՞ որ առաջնորդը հայտարարել է, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է և մեղավորների ցանկում չի տվել Լևոն Տեր-Պետրոսյանի անունը:
Ընդամենը երկու հարց մի մարդու, ով 2008 թվականին կազմաքանդում էր պետական բուրգը, ում շտաբն ընտրությունների օրը՝ դեռ քվեաթերթիկների հաշվարկը փաստացի չսկսած՝ ժամը 21։30-ին, հայտարարում էր, որ նա հաղթել է, ով 10 օր անընդհատ չարտոնված հանրահավաքներ էր անցկացնում Ազատության հրապարակում (բացառությամբ փետրվարի 20-ի հանրահավաքի), ով առաջին օրը հայտարարում էր իր կողմնակիցներին, որ հաղթել է, և կողմնակիցներն անկեղծորեն հավատում էին նրան, հրապարակում հավաքված մարդկանց ավելի ոգևորելով ասում էր, որ այդտեղից միայն Բաղրամյան 26 է գնալու, բայց գաղտնի նամակ էր ուղարկում ԱՄՆ դեսպանատուն նույն փետրվարի 20-ին՝ հորդորելով ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ երկրորդ փուլ անցկացնելու համար:
Քննիչի երկու վախվորած հարցերում չկա նաև հարց մի մարդու, ով փետրվարի 20-ին կողմնակիցներին կոչ էր անում մյուս օրը նորից հավաքվել, քանի որ կարևոր բան պիտի ասեր, և արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին, ասում էր, որ երեկ ինքը հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ ու նույն կողմնակիցներին հորդորում վանկարկել Մանվելի և մյուս ՊՆ փոխնախարարի անունը, հարց չունեն մարդու, ով Մարտի 1-ի առավոտյան իր տնից լրագրողների ներկայությամբ ակնհայտ կեղծ և սադրիչ լուր է տարածում, թե ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում կրակում են։ Ընդհանրապես հարց չունեն մարդու, ով նախագահ Քոչարյանի կողմից մարտի 1-ին՝ ժամը 22։30-ին արտակարգ դրություն մտցնելուց հետո իր կողմնակիցներին կոչ է անում հեռանալ և ենթարկվել արտակարգ դրությանը մարտի 2-ին՝ 02։00-ի սահմաններում, այն ժամանակ միայն, երբ արդեն հաստատ կային զոհեր։ Քննիչը լավ գիտի ժամերը և լավ գիտի, որ եթե այդ կոչը լիներ 22։30-ին կամ 22։40-ին, ու մարդիկ ցրվեին, զոհերը կլինեին առնվազն 5-6-ով պակաս:
Շատ հարցեր կան, որ քննիչը կարող էր տալ՝ թեյը լցնելու փոխարեն, բայց քննիչն էլ մարդ է և «ուզի չուզի՝ տալու է» այն հարցերը, որոնք բխում են առաջնորդի տեսակետից Մարտի 1-ը բացահայտված լինելու տրամաբանությունից և մի նախկին կաշառակեր դատախազի տված ուղեցույցից: Քննիչը չի քննում, նա թուղթն է սևացնում, թարմացնում թեյը՝ երիտասարդության ու անփորձության պատճառով չհասկանալով, որ մոտ ապագայում իր դիմաց նստած է լինելու մեկ այլ՝ փորձառու քննիչ, և ինքը ստիպված է լինելու պատասխանել այս և այլ հարցեր չտալու դրդապատճառների վերաբերյալ հարցերին, այդ ժամանակ իր կողքին չեն լինելու ո՛չ փորձառու, կաշառակեր նախկին դատախազը, ո՛չ առաջնորդը․ նա մենակ է լինելու իր գործածի հետ։
Նախկին դատախազն ու առաջնորդն իրավական առումով պատասխանատու չեն ինչ-որ մի քննիչի պաշտոնեական անփութության համար, նրանք քաղաքական գործիչներ են, վտարանդի քաղաքական գործիչներ, իսկ այն հուր աչքերով քննիչը իրավաբան է, պաշտոնյա, որը պատասխանատու է Մարտի 1-ի գործի ամբողջական և օբյեկտիվ բացահայտման համար՝ ոչ թե թեյն ավելի համեղ ու տաք պահելու: