
Տեղյակ եմ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությանը, բայց «Հայաստան» դաշինքի աջակցելու և իփպիչմեթի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, մենք կարող էինք ունենալ հետևյալ պատկերը՝ Էդմոն Մարուքյանը կդառնար վարչապետ մեկ տարի ժամկետով, իսկ 26-ին կլիներ ԱԺ արտահերթ ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Այսինքն, մասնակիորեն կիրականանար մեր ընդդիմադիր գործընկերների այս չորս տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից, մեկ տարով նշանակվում էր այլ վարչապետ, իրենք ուզում էին նշանակել Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գալստանյանին և այլ տարբերակներ։ Եվ այդ հիմա այդ մեկ տարվա հնարավորությունը տրվում էր»,- ասաց նա։
Հարցին՝ ինչու ուրիշ թեկնածու չեն առաջադրել՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, նա ասաց, որ իրենք յոթ թեկնածու են ունեցել նախնական քննարկումների ժամանակ, որից մեկն իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ հինգ հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են, անուններ ես չեմ տալու:
«Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, այդպիսի տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ, դրա համար էլ իմ թեկնածությունը չեմ առաջադրել։ Թեկնածու փոխելու հնարավորություն էլ կա, վաղը կարող ենք ուրիշ նախաձեռնությամբ հանդես գանք, ինչի մասին է խոսքը»,- ասաց նա: