Կիպրոսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից:
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել Հայաստանի ու Կիպրոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շարունակական շփումների դերը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հնարավորությունները։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հայկական կառույցներին կիպրական իշխանությունների հետևողական աջակցության համար:
Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում իրականացվող քայլերին։ Տասոս Ցիոնիսի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերը՝ լիարժեք իրացնելու երկկողմ համագործակցության ներուժը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման։



