ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե հաջորդ տարվա բյուջեով իրենց ոլորտի հատկացումներն աճել են 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ`38 տոկոսով:
«Էական ավելացել է բյուջեն։ Հաշվի առնելով տարիների դինամիկան` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»,- ասել է նա։
Նախարարը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը: Այս պահին ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցում ավարտին կհասցվի. «Ընդհանուր առմամբ, տարեվերջին 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին»,- ասել է նա։