Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի դեմ ավազա...

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ սպանության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւանի 51-ամյա բնակիչը, նույն քաղաքի 39-ամյա բնակչի հետ համաձայնության գալով վերջինիս օժանդակությամբ Քաջազնունի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ, 2021թ. փետրվարի 22-ին` ժամը 14:30-ի սահմաններում, այցելել է վերոնշյալ փոխանակման կետի մոտակայք՝ նախապես կրելով գլխարկ եւ բժշկական դիմակ: «Օպել Զաֆիրա.» մակնիշի ավտոմեքենայով նշված վայր է մոտեցել նաեւ 39-ամյա տղամարդը՝ խոստացված օժանդակությունն իրականացնելու, 51-ամյա տղամարդու անվտանգ փախուստն ու գողոնի տեղափոխումն ապահովելու նպատակով:

51-ամյա տղամարդը, մտնելով տարադրամի փոխանակման կետ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքի հափշտակություն իրագործելու դիտավորությունն իրականացնելու նպատակով, նախապես վերցված որպես զենք օգտագործվող առարկան ուղղել է փոխանակման կետի աշխատակցի վրա եւ գումար պահանջել: Վերջինս չհրկիզվող պահարանից հանել եւ նրան է տրամադրել տարբեր արժույթներով, ընդհանուր 29.600.000 ՀՀ դրամին համարժեք գումար, որից հետո 51-ամյա տղամարդը, մոտենալով տաղավարի մուտքի դռանը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի ձեռք բերված եւ իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակի օղակը քաշելով` այն նետել է տաղավարի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝  նռնակի չպայթելու պատճառով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, որից հետո 39-ամյա տղամարդու հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, իսկ 39-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: