Սամիա Սուլուհու Հասանը երկրորդ անգամ ստանձնել է Տանզանիայի նախագահի պաշտոնը ցույցերով ուղեկցվող նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սամիա Սուլուհուի երդմնակալությունը փակ է եղել հանրության համար և ուղեկցվել է անվտանգության խիստ միջոցառումներով: Նա ստացել է ձայների գրեթե 98 %-ը. նրա գլխավոր մրցակիցները կա՛մ բանտարկված են եղել, կա՛մ նրանց արգելվել է առաջադրել իրենց թեկնածությունը:
Ընդդիմությունը հայտարարել է ընտրությունների արդյունքների կեղծման մասին:
Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել ընտրությունների գործընթացի թափանցիկության առնչությամբ:
Ըստ ընդդիմության՝ վերջին օրերին ցուցարարների և իրավապահների միջև բախումների ընթացքում շուրջ 800 մարդ է զոհվել: Տանզանիայի դիվանագիտական աղբյուրներից մեկը BBC-ին հայտնել է առնվազն 500 զոհի մասին:
Ցույցերից հետո սննդի և վառելիքի գները կրկնապատկվել են, ուսումնական հաստատությունները փակ են:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Տանզանիայի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել: Ստեղծված իրադրության առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Հռոմի Լևոն 14-րդ Պապն էլ կոչ է արել աղոթել՝ նշելով ընտրություններին հաջորդող անկարգությունների հետևանքով «բազմաթիվ զոհերի» մասին:



