Թալիբներն ակնկալում են, որ Ռուսաստանը կօգնի իրենց չեզոքացնել Արեւմուտքի երկրների եւ ԱՄՆ ճնշումը։ Այս մասին հայտնել է «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության տնտեսական հարցերի գծով փոխվարչապետ, մոլլա Աբդուլ Գանի Բարադարը։
«Մենք փորձել ենք պայմաններ ապահովել աֆղանական ապրանքների արտահանումն ավելացնելու եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Ինչպես ձեզ հայտնի է, Աֆղանստանում Իսլամական Էմիրության հաղթանակից հետո ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի երկրները մեզ վրա համակողմանի ճնշում են գործադրում։ Ուստի մենք սպասում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կօգնի մեզ չեզոքացնել այդ ճնշումը»,- ասել է նա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
«Կարող ենք հավաստիացնել, որ Իսլամական Էմիրությունը հուսալի տնտեսական գործընկեր է։ Մեր ուժային կառույցները շատ բան են արել իրավիճակի կայունացման համար։ Նրանց ջանքերի արդյունքում ԻՊ-ը Աֆղանստանում ոչնչացվել է եւ տեղափոխվել այլ երկրներ»,- ասել է Բարադարը։
Նոյեմբերի 25-ին ռուսական պատվիրակությունը, որի կազմի մեջ էր նաեւ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, չորս հանդիպում է ունեցել՝ Աֆղանստանի փոխվարչապետ Մոհամադ Աբդուլ Կաբիրի, փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարի, պաշտպանության նախարար Մոհամադ Յակուբի, ՆԳՆ ղեկավար Սիրաջուդդին Հաքանիի հետ։