Թալիբ պաշտոնյան կոչ է արել հետաքննել Վաշինգտո...

Կատարում Աֆղանստանի դեսպանը կոչ է արել «լայնածավալ հետաքննություն» իրականացնել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ազգային գվարդիայի 2 զինծառայողի վրա կրակոցներ արձակելու համար մեղադրվող անձի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Հրապարակումների համաձայն՝ այս անձը եղել է անվտանգության ուժերի անդամ, որն այդ ժամանակ գործել է ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) ներքո», - CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է դեսպան Սուհեյլ Շահինը։

«Նման մարդիկ հավատարիմ չեն եղել իրենց երկրին (Աֆղանստանին).... Այս միջադեպի վերաբերյալ պետք է լայնածավալ հետաքննություն անցկացվի՝ նրա և նրա նման մտածող մարդկանց իրական դեմքը պարզելու համար», - ասել է նա։

Թալիբներն Աֆղանստանում իշխանությունը գրավել են 2021 թվականին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր ուժերը դուրս բերեց երկրից։ ԱՄՆ-ն, ինչպես նաև երկրների մեծ մասը, չի ճանաչում թալիբներին որպես Աֆղանստանի պաշտոնական կառավարություն։

Վաշինգտոնում հրաձգություն իրականացնող կասկածյալն է Ռահմանուլլա Լականվալը՝ Աֆղանստանի քաղաքացի, որն, ըստ պաշտոնյաների, ԱՄՆ է եկել 2021 թվականին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո իրականացված ծրագրի շրջանակներում։

Լականվալը նախկինում աշխատել է Աֆղանստանում ԿՀՎ-ի հետ։ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ նրան ապաստան է տրամադրվել ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան մերձակայքում աֆղանստանցի տղամարդը կրակոցներ է արձակել, որի հետևանքով ծանր վիրավորվել էր ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայող։ Նրանցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Թրամփը հարձակումը որակել է ահաբեկչություն և կարգադրել ևս 500 ազգային գվարդիականի տեղակայել Վաշինգտոնում։