Թագուհի Ղազարյանը՝ «Իմ մարմինն անձնական է» աղ...

«Միմյանց դեմ անհանդուրժողականություն տարածելու փոխարեն եկեք միասին փնտրենք ճանապարհներ՝ նվազագույնի հասցնելու այս բեկված ճակատագրերի քանակը»,-երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝  հանդես գալով մի քանի օր առաջ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի պաշտպանությամբ: Նրա խոսքով՝ պետության գործառույթն է ստեղծագործություններն իրացնելու համար նպաստավոր միջավայր ստեղծելը:
«Հայաստանում տարեկան լույս է տեսնում շուրջ 1800 անուն գիրք: Անկախ այն բանից, թե մեզանից ով որքան է համակարծիք այդ գրքերի ձևի, բովանդակության, ձևավորման, գրագիտության և այլ բաղադրիչների հետ, Հայաստանում գրաքննություն չկա, և չի կարող լինել»,- ասաց նա, և ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարող քաղաքական թիմը ունի բավականաչափ կամք և վճռականություն պաշտպանելու ստեղծագործական ազատությունը՝ անկախ նրանից, թե ով, ինչպես ու ինչքան ջանք կգործադրի «հասարակության զգայուն նյարդերի վրա խաղալու, և դրա արդյունքում՝ հանրության մեջ բաժանարար գծեր առաջացնելու համար»: Շնորհանդեսը կազմակերպած ՀԿ-ին անդրադառնալով՝ Ղազարյանն ասաց, որ այն ու մի շարք այլ ՀԿ-ներ, որոնք գործում են օրենքի շրջանակներում պետության գործընկերն են, դրանք ունեն ազատ ու անարգել գործունեություն ծավալելու իրավունք. «Իրավական պետություն կառուցելու ճանապարհին որևէ խոչընդոտ, որը կստեղծվի թվարկված սկզբունքներին հակադրվելով, պետք է կանխվի իրավապահների կողմից»,-ասաց նա: