Սյունիքի Նռնաձոր համայնքը բոլորովին նոր ճանապ...

Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սահմանամերձ համայնքների զարգացմանը, հետևաբար այդ նպատակով իրականացվում են տարաբնույթ պետական ծրագրեր։ Այդպիսի համայնքներից մեկն էլ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքն է, որը բոլորովին նոր ճանապարհով կկապվի Մեղրիի և հարակից համայնքների հետ։  

Կառուցվող ճանապարհի կապալառուներն են «ԱՄՎ ՊԱՐՏՆԵՐ» ընկերությունն ու «Մոստ կոնտրակտ» կոնսորցիումը, նախագծողը՝ «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ընկերությունը։ 

Սյունիքի մարզի Շվանիձոր-Նռնաձոր Ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 13,1 կիլոմետր է, պայմանագրի արժեքը կազմում է ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ 

Ծրագիրը փուլային է։ Առաջին փուլի աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքների կառուցում, ավազակոպճային ծածկով ճանապարհի հարթեցում, իսկ երկրորդ փուլով կառուցվելու է ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2024-25 թվականներին: Շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Լրագրողների խումբը ՏԿԵ նախարարության ուղեկցությամբ այցելեց ճանապարհի միջնամաս, որտեղ իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ «ԱՄՎ ՊԱՐՏՆԵՐ» ընկերության տնօրեն Արմեն Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղանքի ռելիեֆը բավականին բարդ է, որտեղ կատարվում են և՛ մեխանիկական, և՛ պայթեցման աշխատանքներ։   

«Նռնաձորը Հայաստանի հարավ-արևելյան հատվածի ծայրամասում գտնվող գյուղն է և մեզ համար՝ որպես հարավային դարպաս, ունի ռազմավարական նշանակություն։ Մարդիկ կապված են իրենց հողի հետ, շենացնում են իրենց բնակավայրը, որտեղ սուբվենցիոն ծրագրերով կառուցվում են նոր տներ։ Այս ճանապարհը նույնպես համայնքի համար ունի կարևոր նշանակություն։ Առաջին փուլում կունենանք գրունտային լավ ճանապարհ։ Պարզապես բարդ ռելիեֆի պատճառով շինաշխատանքները մի փոքր դժվար են առաջ ընթանում։ Այս հատվածում աշխատում է 15 միավոր ծանր տեխնիկա։ Իրականացրել ենք ընդհանուր աշխատանքների 25 տոկոսը և շարժվում ենք ըստ ժամանակացույցի»,- ասաց Մինասյանը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին նշեց, որ առաջին փուլի շինաշխատանքների ավարտից հետո կսկսվի ընդհանուր ասֆալտապատումը և հավաստիացրեց, որ աշխատանքներն ընթանում են բավականին հաջող։  

«Սա լինելու է այն հիմնական ճանապարհը, որը Նռնաձոր համայնքը կկապի Մեղրիի և մյուս բնակավայրերի հետ։ Այս պահին կա ևս մեկ ճանապարհ, որը հողապատ է և անցնում է երկաթգծի կողքով։ Նռնաձորցիներն օգտվում են այդ ճանապարհից, մինչև կկառուցվի նորը։ Հողապատ ճանապարհը կօգտագործվի այնքան, որքան կզգացվի դրա կարիքը, բայց մեր հիմնական նպատակը բոլորովին նոր, բարձրորակ ճանապարհի կառուցումն է, որն իր նշանակությամբ մեզ համար եզակի է։ Մի քանի ամիս առաջ այստեղ միայն կարելի էր տեսնել բարդ ռելիեֆը, իսկ հիմա շինարարներին հաջողվել է ուղիներ հարթել մինչև այն տեղամասը, որտեղ այժմ կառուցվում է հիմնական ճանապարհը»,- ասաց ՏԿԵ նախարարը։    

Լրագրողների խումբն այցելեց նաև Նռնաձոր համայնք, որտեղ նրանց հետ հանդիպեց համայնքապետ Արա Ազիզյանը։  

«Մեր խնդիրները ֆունդամենտալ են՝ կապված ոռոգման և խմելու ջրի, գազաֆիկացման, արոտավայրերի հետ, սակայն աշխատում ենք պետական աջակցությամբ լուծումներ գտնել այդ խնդիրների համար։ Մեր բնակիչները զբաղվում են նաև այգեգործությամբ։ Քանի որ կա Մեղրի գետը, հնարավորություն ունենք աշխատեցնելու ջրի տեղափոխման ինքնահոս համակարգը։ Կարմիր խաչը երկու տարի առաջ Նռնաձորին նվիրեց երկու պոմպ իրենց շարժիչներով, ինչը հեշտացրեց ոռոգման աշխատանքները։ Գյուղում ունենք մշտական 39 տնտեսություն, մոտ 200 բնակիչ, միջնակարգ դպրոցը սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է, այնտեղ սովորում է 14 աշակերտ»,- ասաց Նռնաձորի համայնքապետը։  

Ազիզյանը հավաստիացրեց, որ Նռնաձորն ունի զարգանալու լավ հեռանկարներ, ինչին մեծապես կօգնի նաև նոր կառուցվող ճանապարհը։ 

«150 հեկտար հող վարձակալությամբ տրվել է մեր կոոպերատիվին, որի բոլոր անդամները գյուղացիներն են։ Նպատակը նոր այգիների հիմնումն է։ Գյուղում ապրելը բոլորովին անվտանգ է, որովհետև մեր կողքին են մեր սահմանապահները։ Նրանց ներկայությունը վստահություն է ներշնչում նռնաձորցիներին։ Բնակիչները վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու, և այդ լավատեսությունն, անշուշտ, մեծացել է նոր ճանապարհի կառուցման շնորհիվ։ Նախկինում հիմնական խնդիրներից մեկը գյուղմթերքի իրացումն ու տեղափոխումն էր, հիմա այդ հարցը հեշտությամբ կլուծվի»,- ասաց Նռնաձորի համայնքապետը։