
Բլեֆ է այդ տնտեսական աճը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Մակրոտնտեսական աճը ուռճացրել է՝ 7 տոկոս է ցույց տվել, բայց մյուս ճյուղերն էլ պիտի ցույց տա, չէ՞. չի կարողացել սարքել: Հարցը ո՛չ վարպետորեն ստելու մեջ է, ստելու համար էլ ահագին դպրոց պետք է անցնել»,-պարզաբանեց նա: Բանն այն է, որ Վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, բեռնափոխադրումների ծավալը 54 տոկոսով նվազել է՝ կիսով չափ: Եթե սա ճիշտ ցուցանիշ լիներ՝ Հայաստանում բեռնատար ընդհանրապես չպիտի տեսնեինք՝ նկատում է Բագրատյանը:
Այդ դեպքում՝ տնտեսությունն ինչպե՞ս աճեց 7 տոկոսով: «Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն: Որովհետև երբ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դիֆերամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում:
Նույնիսկ հասկացնել տվեց, որ գնա և սուտդ շարունակիր: Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը ծառայել է չէ՞ համակարգին, ծառայել է երկրորդ նախագահին, երրորդին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին նույն ձևի»,- ասաց նա: Սուտը Փաշինյանի ապրելու ձևն է, ասաց Հրանտ Բագրատյանը, նրա ընտանիքի անդամների ապրելու ձևը, որոնք նույնպես պաշտոններ են ուզում: